
ԵՐԵՎԱՆ, Հայաստան — Հունիսի 22-ին և 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թուրփանջյան սոցիալական գիտությունների ինստիտուտի Հանրային հարցերի էթիկայի կենտրոնում գործող «Horizon Europe ETICA» նախագիծը հյուրընկալեց միջազգային գիտաժողով՝ «Հույս և վստահություն ճգնաժամային ժամանակներում» խորագրով։ Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP), Հայոց փիլիսոփայական ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ կազմակերպված միջոցառումը համախմբեց ավելի քան 70 գիտնականների ամբողջ աշխարհից։ Նրանք ներկայացնում էին արևմտյան, արևելյան և աֆրիկյան փիլիսոփայական տարբեր ավանդույթներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել վստահության և հույսի հնարավորությունը մեր մոլորակի առջև ծառացած բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում։
Գիտաժողովը ETICA նախագծի կողմից կազմակերպված երկրորդ խոշոր միջազգային հավաքն է, որը ղեկավարում է Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, ով հանդիսանում է նաև FISP-ի փոխնախագահը։ Մասնակիցների թվում էին FISP-ի խորհրդի և ղեկավար կոմիտեի անդամներ, ովքեր ներկայացնում էին աշխարհի տարբեր երկրների ազգային փիլիսոփայական ընկերությունները՝ դարձնելով այս իրադարձությունը շրջադարձային փուլ Հայաստանում փիլիսոփայական մտքի փոխանակման համար։ Բացի այդ, գիտաժողովը մեկտեղել էր տարբեր միջազգային և ազգային կառույցների պատվավոր հյուրերի, որոնց թվում էր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
Միջոցառումը մեկնարկեց պրոֆեսոր Բաղրամյանի և FISP-ի նախագահ, պրոֆեսոր Հեյսուկ Քիմի բացման խոսքով, ովքեր ողջունեցին մասնակիցներին և ընդգծեցին գիտաժողովի թեմաների խորը արդիականությունը։
Իր ելույթում պրոֆեսոր Բաղրամյանը կարևորեց Հայաստանում առաջին անգամ FISP-ի նիստ հյուրընկալելու նշանակությունը՝ որպես պատմական քայլ փիլիսոփայության ոլորտում Հայաստանի ներդրումը միջազգայնացնելու ուղղությամբ։ Նա նաև երախտագիտություն հայտնեց հիմնական զեկուցողներին և միջազգային մասնակիցներին, ովքեր ժամանել էին Հայաստան՝ իրենց պատկերացումներով կիսվելու համար։
Բացման խոսքին հաջորդեցին երեք զուգահեռ նիստեր, որոնց ընթացքում հետազոտողները ներկայացրին իրենց աշխատանքները տարբեր թեմաներով։ Առաջին օրն առանձնացավ նաև ԵՊՀ-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի անդամ, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հիմնական զեկույցով, ով խոսեց «Կրթության դերը հակամարտությունների կանխարգելման գործում» թեմայով։
Առաջին օրն ավարտվեց երեկոյան ընդունելությամբ, որի ընթացքում ՀԱՀ նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանը ողջույնի խոսքով դիմեց մասնակիցներին և հյուրերին․ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել շուրջ 25 տարբեր երկրների և մտավոր ավանդույթների գիտնականների, այդ թվում՝ Հայաստանից, ովքեր հավաքվել են խորհելու երկու գաղափարների շուրջ, որոնք միաժամանակ խորապես փիլիսոփայական են և հույժ գործնական։ Հուսով ենք, որ այս գիտաժողովը բացառիկ հնարավորություն կստեղծի նոր գաղափարներ փոխանակելու և ուսումնասիրելու, առկա գործընկերություններն ամրապնդելու և տարբեր փիլիսոփայական ավանդույթների միջև նոր կապեր հաստատելու համար»,- նշեց նա։
Երկրորդ օրը շարունակվեց զուգահեռ հետազոտական նիստերով և եզրափակվեց FISP-ի նախկին նախագահ, Բոստոնի քոլեջի պրոֆեսոր Դերմոտ Մորանի փակման հիմնական զեկույցով՝ «Էմպաթիան և վստահությունը ճգնաժամի ժամանակաշրջանում» թեմայով։
Գիտաժողովն ավարտվեց պաշտոնական ընթրիքով՝ մասնակիցներին ընձեռելով վերջին հնարավորությունը՝ շփվելու ոչ պաշտոնական մթնոլորտում։
Համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, միայն հեղինակ(ներ)ինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ շնորհող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։