Խոր ցավով տեղեկացանք մեր լավ բարեկամի՝ աշխարհահռչակ փիլիսոփա Ուիլյամ ՄաքԲրայդի մահվան մասին։
Պրոֆեսոր ՄաքԲրայդը Պերդյուի համալսարանի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության Արթուր Գ. Հանսենի անվան պատվավոր պրոֆեսոր էր և ժամանակակից սոցիալական ու քաղաքական փիլիսոփայության առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Նա եղել է Փիլիսոփայական ընկերությունների միջազգային համադաշնության (FISP) նախագահը (2008-2013 թթ.), ինչպես նաև Հյուսիսամերիկյան սոցիալական փիլիսոփայության ընկերության և Ամերիկյան ֆրանսալեզու փիլիսոփայության ընկերության նախագահը։ Նա համահիմնադրել և ղեկավարել է Հյուսիսամերիկյան Սարտրի ընկերությունը՝ նշանակալի ներդրում ունենալով էքզիստենցիալիզմի և Սարտրի ուսումնասիրությունների զարգացման գործում։
Որպես Ֆուլբրայթ կրթաթոշակառու՝ նա գիտական գործունեություն է ծավալել Ֆրանսիայում և Բուլղարիայում։ Նրա միջազգային վաստակը արժանացել է բարձր գնահատանքի․ նա Ֆրանսիայի Ordre des Palmes Académiques շքանշանի ասպետ էր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի արծաթե մեդալի դափնեկիր՝ օտարազգի փիլիսոփայի բացառիկ ներդրման համար։
Պրոֆեսոր ՄաքԲրայդի գիտական ժառանգությունը հսկայական է: Նա հեղինակել և խմբագրել է 19 գիրք և հրապարակել ավելի քան 250 գիտական հոդված ու գրախոսություն։ Նրա կարևոր աշխատություններից են Sartre’s Political Theory, Social and Political Philosophy, Philosophical Reflections on the Changes in Eastern Europe, From Yugoslav Praxis to Global Pathos և ութհատորյա Sartre and Existentialism ժողովածուն։ Նրա վաղ շրջանի The Philosophy of Marx աշխատությունը վերջերս վերահրատարակվել է։
Պրոֆեսոր ՄաքԲրայդը նաև ջերմ բարեկամ էր Հայաստանի փիլիսոփայական հանրության համար։ Նա նախատեսում էր մոտ ժամանակում այցելել Հայաստան՝ FISP-ի նախագահության կազմում՝ մասնակցելու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ «Վստահություն և հույս ճգնաժամերի ժամանակներում» և ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովներին։ Ուստի, նրա մահը առանձնահատուկ ցավով է ընկալվում Հայոց փիլիսոփայական ակադեմիայի և հայկական փիլիսոփայական համայնքի կողմից, որոնք սիրով սպասում էին նրան ընդունելուն։
Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, ուսանողներին և ընկերներին ամբողջ աշխարհում։ Նրա գիտական ժառանգությունն ու մարդկային ջերմությունը կմնան ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։
