Հայոց փիլիսոփայական ակադեմիա (ՀՓԱ) գիտական հասարակական կազմակերպությունը հայ փիլիսոփայական արժեքների գաղափարական կրողն ու արժանի շարունակողն է: Այն ստեղծվել է Հայաստանում, 1987 թ. հիմնված Սևանի իմաստասիրության կաճառի հենքի վրա:
1993 թ. հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած հիմնադիր ժողովում ՀՓԱ-ն հաստատվել է որպես Սևանի իմաստասիրության կաճառի իրավահաջորդը, ընդունվել է դրա կանոնադրությունը, ընտրվել են հիմնադիր անդամները և նախագահություն՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի նախագահությամբ:
Ակադեմիայի նպատակն է ի մի բերել հայ փլիսոփայական մտքի հավաքական ներուժը, ամենատարբեր եղանակներով նպաստել հայ փիլիսոփայական մտքի զարգացմանը և համաշխարհային փիլիսոփայական մտքին ինտեգրվելուն, աջակցել փիլիսոփայության ոլորտում անվանի գիտնականների և կրթօջախների համագործակցությանը և երիտասարդ հասարակագետների աճին, ստեղծել գիտահետազոտական խմբերի կենտրոններ և ներակադեմիական գիտական կառուցվածքային այլ օղակներ:
2007 թ. դեկտեմբերի 27-ին նշվեց Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հիմնադրման 20-ամյակը։
Այս առիթով Ակադեմիան ստացավ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ իր արտասահմանյան անդամներից և անվանի մտավորականներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Ավստրիայից և այլ երկրներից։
Ստորև ներկայացվում են Հայոց փիլիսոփայական ակադեմիային և նրա հիմնադիր-նախագահ, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանին ուղղված շնորհավորական ուղերձներից ընտրված հատվածներ։
Հայոց փիլիսոփայական ակադեմիան իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր արտասահմանյան գործընկերներին և անդամներին՝ ջերմ շնորհավորանքների, բարձր գնահատանքի և շարունակական աջակցության համար։
Միջազգային փիլիսոփայական ընկերությունների դաշնություն
Փիտեր Քեմպ
Միջազգային փիլիսոփայական ընկերությունների դաշնության նախագահ
Փիլիսոփայության 20-րդ համաշխարհային կոնգրեսի նախագահ (Դանիա)
«Որպես Միջազգային փիլիսոփայական ընկերությունների դաշնության նախագահ, Դաշնություն, որի նպատակն է առաջին հերթին նպաստել մասնագիտական հարաբերությունների զարգացմանը և բոլոր երկրների փիլիսոփաների միջև գաղափարների փոխանակմանը, ես ցանկանում եմ շնորհավորել Հայոց փիլիսոփայական ակադեմիային` իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Ձեր Ակադեմիան ամենակարևոր փիլիսոփայական ընկերություններից մեկն է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Այն շատ ակտիվ է և իր հիմնադրման օրվանից ունեցել է ոչ միայն շարունակական փիլիսոփայական և մշակութային ազդեցություն և նշանակալի ներկայություն ունի ժամանակակից փիլիսոփայության ոլորտում: Շնորհավորում եմ հատկապես Ակադեմիայի հիմնադիր-նախագահ պրոֆեսոր Գեորգ Բրուտյանին` իր նշանակալից գործի համար` Ակադեմիան ստեղծելու, զարգացնելու և այսօրվա մակարդակին հասցնելու համար»։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նոամ Չոմսկի
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության և լեզվաբանության բաժնի վարիչ, պրոֆեսոր
«Մեծագույն հաճույքով տեղեկացա, որ Հայոց փիլիսոփայական ակադեմիան շուտով նշելու է իր 20-ամյակը: Շնորհավորում եմ Ակադեմիայի արդեն իսկ ձեռք բերած նվաճումների կապակցությամբ և մաղթում պայծառ ու բեղմնավոր ապագա»։
Հայգ Խաչադուրեան
Վիսկոնսին–Միլվակեի համալսարանի պրոֆեսոր
«Ջերմ շնորհավորանքներս Հայոց փիլիսոփայական ակադեմիայի 20-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ Ակադեմիային և նրա բոլոր անդամներին հաջողություն հետագա գործունեության ընթացքում»։
Ջոն Մաք Դաուել
Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր
«Շնորհավորում եմ Հայոց փիլիսոփայական ակադեմիային հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ»։
Հունաստան
Եվանգհելոս Մոութսոպոուլոս
Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ
Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր
«Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի Հունաստանի բաժանմունքի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում հետագա հաջողություններ Ձեր փայլուն միջազգային գործունեության մեջ»։
Ջորջիա Ապոստոլոպոուլու
Իոաննայի համալսարանի պրոֆեսոր
«Շնորհավորում եմ Հայոց փիլիսոփայական ակադեմիային 20-ամյակի առթիվ և մաղթում շարունակական բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ փիլիսոփայության և մշակույթի»։
Միրտո Դրագոնա-Մոնախո
Աթենքի համալսարանի պրոֆեսոր
«Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ առողջության, երջանկության և երկարակեցության համար»։
Իսրայել
Մայքլ Սթոուն
Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության պատվավոր ցմահ նախագահ (Իսրայել)
«Ակադեմիայի հիմնադրումը, զարգացումը, գործունեության ընդլայնումը և “Armenian Mind” հանդեսի հրատարակումը մեծ նվաճումներ են միջազգային փիլիսոփայական կյանքում»։
Լեհաստան
Զդիսլավ Ցացկովսկի
Մարի Կյուրի–Սկլադովսկու անվան համալսարանի նախկին ռեկտոր (Լեհաստան)
«Հայոց փիլիսոփայական ակադեմիան արդեն հասել է մեծ բարձունքների, և ես մաղթում եմ էլ ավելի մեծ հաջողություններ»։
Ուկրաինա
Միրոսլավ Պոպովիչ
Ուկրաինայի ազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
«Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի եռանդն ու ինտելեկտուալ գործունեությունը կարևոր դեր ունեն ժամանակակից փիլիսոփայական կյանքում և միջազգային գիտական համագործակցության զարգացման մեջ»։
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի (ՀՓԱ) ստեղծման գործում նշանակալի ներդրում են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը և ՀՓԱ հիմնադիր նախագահ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը։ Դժվար է ասել՝ կստեղծվե՞ր արդյոք նման ակադեմիա առանց նրանց հետևողական և նպատակաուղղված գործունեության։

ՀՀ ԳԱԱ նախագահ
Վիկտոր Համբարձումյան

ՀՓԱ Հիմնադիր նախագահ
Գեորգ Բրուտյան

Ամենայն Հայոց
Վազգեն Ա Կաթողիկոս
Այդ ժամանակաշրջանում Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններն ունեին գիտությունների մեկական ակադեմիա։ Բացառություն էին երկու հանրապետություններ՝ Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Ուկրաինան։ Գործում էր Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիան, որն, ըստ էության, Ռուսաստանը համարում էր իր ակադեմիան։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում գործում էին մի շարք ճյուղային ակադեմիաներ՝ Գյուղատնտեսության, Բժշկական, Շինարարության և ճարտարապետության ակադեմիաները և այլն։ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, բացի Ուկրաինայից, ճյուղային ակադեմիաներ չկային։
Այս պայմաններում Հայաստանում ձեռնարկվում էր ճյուղային ակադեմիա ստեղծելու փորձ, որը փաստացի կդառնար երկրում երկրորդ ակադեմիան։ Փիլիսոփայական ակադեմիայի հիմնադրումը հատկապես բարդ էր, քանի որ փիլիսոփայության և ընդհանրապես հասարակական գիտությունների հետ կապված հիմնախնդիրները վերահսկվում էին և լուծվում էին ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կողմից։
Այդուհանդերձ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը հստակ գիտեր, թե ինչպես է անհրաժեշտ գործել նման պայմաններում՝ շրջանցելու վարչական ու գաղափարական խոչընդոտները և հասնելու մի նպատակի, որը պետք է ծառայեր իր ժողովրդին և ազգային գիտությանը։
Խորհրդային Միության փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի, Հայաստանի Լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի և Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի դեկտեմբերի 24-ի համատեղ որոշմամբ Սևան քաղաքում հիմնադրվեց «Փիլիսոփայական մտքի կենտրոն»։
Այս ոչ կառավարական հաստատության նպատակն էր խթանել երիտասարդների գիտական և հասարակական-քաղաքական ակտիվությունը՝ վաստակաշատ փիլիսոփաների և փիլիսոփայությամբ հետաքրքրված երիտասարդների համատեղ հետազոտական գործունեության միջոցով։
Կենտրոնը ուներ հետևյալ կառուցվածքը՝
Իմաստասիրության կաճառի հիմնադիր նախագահն էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Խորհրդային Միության փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի նախագահ Գեորգ Բրուտյանը։
Կաճառի պատվավոր խորհրդականն էր Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։
Կաճառը ծրագրում էր Կենտրոնում իրականացվող փիլիսոփայական հետազոտությունների հիմնական ուղղությունները, ղեկավարում հոգաբարձուների, գիտական խորհրդատուների և ճեմարանի սաների համատեղ աշխատանքը, հաստատում հոգաբարձուների կազմը և գլխավոր հոգաբարձուին, ընտրում ճեմարանի սաներին և ունկնդիրներին, ինչպես նաև քննարկում և հրատարակության երաշխավորում Կենտրոնում իրականացված փիլիսոփայական հետազոտությունները։
1994 թվականին, Իմաստասիրության կաճառի կանոնադրության վերահաստատման ընթացքում, այն պաշտոնապես ամրագրվեց որպես «Հայոց փիլիսոփայական ակադեմիա»։ Կանոնադրությամբ սահմանվեց, որ Հայոց փիլիսոփայական ակադեմիան հանդիսանում է Իմաստասիրության կաճառի իրավահաջորդը։
Այս իրադարձությունը լայն արձագանք գտավ մամուլում։ Թերթերը ((«Երևանի Համալսարան», 15 սեպտեմբերի 1993 թ., «Երկիր», 24 օգոստոսի 1993 թ., «Հայաստանի Հանրապետություն», 21 օգոստոսի 1993 թ., “Голос Армении” 26 августа 1993 г.) նշում էին, որ «Սևանի Իմաստասիրության կաճառի հիմքի վրա Երևանում գործում է փիլիսոփայական ակադեմիա», որի առաքելությունն է համախմբել հայ փիլիսոփայական մտքի հավաքական ներուժը, նպաստել դրա հետագա զարգացմանը և գիտության առաջընթացին:

Խորհրդային Հայաստան, չորեքշաբթի,
21 փետրվարի, 1990 թ., թիվ 43(20974), էջ 3:
Հարկ է նշել, որ 1987 թվականին, երբ հիմնադրվեց Հայոց փիլիսոփայական ակադեմիան, աշխարհում գործում էին ընդամենը երկու փիլիսոփայական ակադեմիա՝
Այսպիսով, Հայոց փիլիսոփայական ակադեմիան դարձավ աշխարհի երրորդ փիլիսոփայական ակադեմիան։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ «ակադեմիա» հասկացությունը տարբեր երկրներում միանշանակ չի կիրառվում։ Պատահական չէ, որ փիլիսոփայությանը և փիլիսոփաներին նվիրված միջազգային տեղեկատուում առաջին երկու ակադեմիաները դասակարգված են համալսարանների շարքում, մինչդեռ Հայոց փիլիսոփայական ակադեմիան ընդգրկված է գիտահետազոտական հաստատությունների կազմում։
Այսպիսով, Հայաստանում է գործում մեր ժամանակներում աշխարհի ամենահին գործող փիլիսոփայական ակադեմիան՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիան։
Իմաստասիրության կաճառի հիմնադրման առթիվ ուղերձով հանդես է եկել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ուղերձի տեքստը՝
«Թանկագին ընկերներ,
Հայոց հինավուրց հողը շատ տաճարներ է հիմնել: Ու նաև՝ կաճառներ: Ձեռակերտ ու անձեռակերտ: Այսօր մենք ներկա ենք մի նոր կաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ես խոր իմաստ եմ տեսնում դրանում:
Նախ, այս կաճառը իմաստասիրության կաճառ է, փիփսոփայության կաճառ, իսկ փիլիսոփայությունն արտահայտում է դարաշրջանի էությունը: Փիլիսոփայությունն այն այցետոմսն է, որով մի ժողովուրդ ներկայանում է աշխարհի մյուս ժողովուրդներին: Հայ ժողովուրդը փիլիսոփայող ժողովուրդ է: Ձևափոխելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքը՝ կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ փիլիսոփա է, իսկ հայ փիլիսոփան՝ կրկնակի փիլիսոփա է: Եվ ավելացնեի հայ փիլիսոփաների ընտրյալը՝ եռամեծ փիլիսոփա: Զուր չէ, որ հայ ժողովրդի մեծագույն մտածողներից մեկին կոչում էին Դավիթ Եռամեծ եւ Անհաղթ փիլիսոփա:
Սևանում հիմնադրված հայոց Իմաստասիրության կաճառը թող արժանի լինի Եռամեծն Դավիթ Անհաղթ փիլիսոփային և
է՜լ ավելի բարձրացնի մեր ժողովրդի փիլիսոփայական մտքի փառքը:
Ինձ հատկապես ուրախացնում է այն, որ Սևանում հիմնադրված Իմաստասիրության կաճառի հիմնական նպատակն է զորավիգ դառնալ երիտասարդների, պատանիների և աղջիկների վւիլիսոփայական առաջընթացին: Իմաստասիրության կաճառին կից հիմնվել է Իմաստասիրության ճեմարան և Իմաստասերի գրադարան: Այս եռամիասնության մեջ ես փիլիսոփայական մտքի ստեղծագործական աճի հիմնարար նախադրյալներ եմ տեսնում:
Եվ վերջապես, ստեղծագործական մտքի նոր օջախների ստեղծումը ես համարում եմ մեր ժողովրդի հոգեւոր մշակույթի անընդմեջ և վերընթաց աճի հուսալի գրավականը: Կան ժողովուրդներ, որոնք կարող են հպարտանալ իրենց անցյալով, սակայն հաճախ նրանց ներկայի և անցյալի միջև մեծ ընդհատումներ են եղել: Թեև հայ ժողովուրդը բազում աղետների ուղի է անցել իր բազմադարյան պատմության ընթացքում, նա պահպանել է իր հոգևոր և ազգային նկարագիրը, ստեղծել այնպիսի հոգևոր արժեքներ, որոնք նրա ստեղծագործ հնարավորությունների անհերքելի վկայությունն են:
Սևանում հիմնադրված Իմաստասիրության Կաճառն ու Իմաստասիրական ճեմարանը, հուսով եմ, նոր մղում կտան հայոց ստեղծագործ ոգու, իմաստասիրական մտքի առաջընթացին: Հաջողություն ձեզ՝ ձեր այս հայանպաստ և հայրենանվեր գործում:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյան
ՀՍՍՀ ԳԱ Պրեզիդենտ»:
Ակադեմիան բոլոր ժամանակներում մեծ նշանակություն է տվել երիտասարդ փիլիսոփաների աճին: Այդ նպատակով Ակադեմիայում՝ Իմաստասիրական ճեմարանի հենքի վրա, ստեղծվել է երիտասարդ փիլիսոփաների ընկերակցություն, որը պարբերաբար կազմակերպում էր սեմինարներ երիտասարդների համար: Հնարավորության դեպքում նրանք ընդգրկվում էին այլ երկրներ մեկնող պատվիրակությունների կազմում` օգնելով երիտասարդ գիտնականների գիտական առաջընթացին: Ճեմարանի աշխատանքների առաջին հաջողությունների մասին է վկայում այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայակական բաժանմունքի «Տարեգրքում» ստեղծվել էր «Երիտասարդ փիլիսոփայի ամբիոն», որտեղ Կաճառի երաշխավորությամբ հրատարակվում էին ճեմարանի սաների գիտական հոդվածները:
Ակադեմիան քննարկում և իր մակնիշով հրատարակում էր ինչպես Ակադեմիայի անդամների, այնպես էլ վերջիններիս երաշխավորությամբ այլ գիտնականների հետազոտությունները: Հրատարակչության բնագավառում ևս կարևոր նշանակություն էր տրվում երիտասարդ գիտնականների աճին:
Հայոց փիլիսոփայական ակադեմիան, դուրս գալով հայ իրականության շրջանակներից, ոչ միայն հետամուտ է լինում հայ փիլիսոփայական մտքի զարգացմանը, այլև նպաստում է համաշխարհային փիլիսոփայական խաչմերուկների ստեղծմանը: Այն իր շուրջն է համախմբել ոչ միայն հայ փիլիսոփաների, այլև խոշորագույն մտածողների արտասահմանյան երկրներից, ովքեր բազմիցս աջակցել են իրենց հայ գործընկերներին մասնագիտական խնդիրներում:
Ըստ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կանոնադրության (մինչև 2023 թվականը), Ակադեմիայի անդամ կարող էին ընտրվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան, գիտությունը հարստացրել են կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներով, ընդունում են Ակադեմիայի կանոնադրությունը և օժանդակում Ակադեմիայի խնդիրների իրականացմանը: Ակադեմիայի անդամների (ակադեմիկոսների, պատվավոր ակադեմիկոսների, թղթակից անդամների, փորձագետ անդամների, խորհրդական անդամների և արտասահմանյան անդամների) կազմում տարբեր ժամանակներում Ակադեմիայի կազմում ընտրվել են Վիկտոր Համբարձումյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, համաշխարհային հռչակ վայելող այնպիսի փիփսոփաներ, ինչպիսիք են Հանս Գեորգ Գադամերը (Գերմանիա), Դոնալդ Դևիդսոնը (ԱՄՆ), Ֆրեդերիկ Կոպլստոնը (Մեծ Բրիտանիա), Կարլ Հեմպելը (ԱՄՆ), Յաակո Հինտիկան (ԱՄՆ), Գեորգ Հյուսը (Նոր Զելանդիսս), Գեորգ ֆոն Ռիգտը (Ֆինլանդիա) և այլոք:
ՀՓԱ կազմում արտասահմանից ընտրվել են համաշխարհային ճանաչում վայելող խոշորագույն փիլիսոփաներ, ում անունն արդեն մեծ պատիվ և հեղինակություն է ՀՓԱ-ին: Միևնույն ժամանակ, ակադեմիայի արտասահմանյան անդամները, ծանոթ լինելով ակադեմիայի աշխատանքներին, ջերմորեն են ընդունել Հայոց փիլիսոփայական ակադեմիային անդամակցելու հանգամանքը:
Հայոց փիլիսոփայական ակադեմիան իր գոյության ընթացքում կազմակերպել է մի շարք միջազգային գիտաժողովներ, տեսական սեմինարներ՝ «կլոր-սեղաններ» ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում, այդ թվում՝ Կլոր-սեղան փաստարկման հարցերի շուրջ 18-րդ Համաշխարհային փիլիսոփայական համաժողովի շրջանակներում՝ Բրայտոնում (Անգլիա), Ֆինն-հայկական գիտաժողով Տուրկուում (Ֆինլանդիա, 1988 թ.), որին Հայաստանից մասնակցել են ինը փիլիսոփա, Երիտասարդ գիտնականների՝ փաստարկման հարցերին նվիրված գիտաժողով Սևանում (Հայաստան, 1988 թ.), Փաստարկման հարցերին նվիրված հայ-ֆինն-հոլանդական գիտաժողով Երևանում և Սևանում (Հայաստան, 1989 թ.) և այլն:
այկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի արձանագրություններից մեկում նշված է, որ նախագահությունը որոշում է գիտաժողով անցկացնել «ՀՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ' գիտակազմակերպական աշխատանքներին ընդգրկելով Սևանի իմաստասիրության կաճառը»: Ի դեպ, այդ գիտաժողովի տեսական բարձր մակարդակի ապահովման համար Հայոց փիլիսոփայական ակադեմիան նախապատրաստական մեծ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում, կազմակերպել է բանավեճ «Փաստարկման սահմանումը, դրա բաղադրիչ տարրերը և վերջիններիս փոխհարաբերությունը» թեմայով 1989 թ. փետրվարին, որը տևել է մինչև ապրիլ ամիս: Հետագայում բանավեճը դուրս գալով նշված թեմայի շրջանակներից, քննարկել է նաև մի շարք այլ հարակից հիմնախնդիրներ:
Հայոց փիլիսոփայական ակադեմիան ակտիվ մասնակցություն է ունեցել նաև այլ հաստատությունների կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովներին: Դրանցից են՝ «Փաստարկումը, տրամաբանությունը և իմացությունը» թեմայով միջազգային գիտաժողովը Գենտում (Բելգիա, 1989 թ., որին Հայաստանից մասնակցում էին չորս զեկուցող), Փաստարկման հարցերին նվիրված երկրորդ միջազգային գիտաժողովը Ամստերդամում (Նիդեռլանդներ, 1990 թ.), «Փաստարկման տեսության կիրառումը քաղաքականությունում, արդյունաբերությունում և բիզնեսում» միջազգային գիտաժողովը Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն, 1992 թ.), «Փաստարկման տեսությունն ու պրակտիկան» թեմայով միջազգային գիտաժողովը Տուրկուում (Ֆինլանդիա, 1993 թ.):
Գիտաժողովներ կազմակերպելու գործում քիչ չեն նաև Հայոց փիլիսոփայական ակադեմիայի և այլ հաստատությունների համատեղ աշխատանքները: Դրանց մեջ առանձնակի դեր են ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված «20-րդ դարի հայ մշակույթի մեկնաբանման և գնահատման խնդիրները» թեմայով գիտական նստաշրջանը, որը նախաձեռնել էին ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքը և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:
Հայոց փիլիսոփայական ակադեմիան բավականին ակտիվ գործունեություն է ծավալել նաև հրատարակչության բնագավառում: ՀՓԱ մակնիշով հրատարակվել են ինչպես Ակադեմիայի անդամների, այնպես էլ վերջիններիս երաշխավորությամբ այլ գիտնականների հետազոտություններ:
1983 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ և ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության Հայկական բաժանմունքի համատեղ մակնիշով հրատարակվել է ՀՀ ԳԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի «Հակադարձ խնդիրները բնագիտության մեջ» գրքույկը, ինչը մեկ անգամ ևս վկայում է Վիկտոր Համբարձումյանի փիլիսոփայական աշխարհի հետ սերտ կապեր ունենալու մասին:
Հրատարակչության ոլորտում ևս կարևոր նշանակություն է տրվել երիտասարդության աճին: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ 1993 թ. հիմնվել է «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարը, որտեղ հրատարակվել են երիտասարդ հետազոտողների աշխատությունները:
Իր հիմնադրման օրից Հայոց փիլիսոփայական ակադեմիային զորավիգ են եղել մի շարք կազմակերպություններ: Ամենից առաջ, հարկ է նշել, որ, որպես Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հովանավոր, Ակադեմիայի համար մեծ օգտակար գործունեություն է ծավալել Հայաստանի Գիտությունների ակադեմիան: Այնքան մեծ էր Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի ուշադրությունը Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նկատմամբ, որ նա կարդացել և մինչև իսկ ուղղումներ է մտցրել Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կանոնադրության մեջ, իսկ արդեն 1988 թ. հոկտեմբերի 5-ին նրա առաջարկով Գիտությունների ակադեմիայի նախագահությունը ընդունել է հետևյալ որոշումը․
«153. Սևանի իմաստասիրության կաճառի հովանավորության և Սևանի փիլիսոփայական կենտրոնին գիտական աշխատակցի հաստիք հատկացնելու մասին`
ա) ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան համարել Սևանի իմաստասիրության կաճառի հովոնավորող (սպոնսոր):
բ) Հանրապետությունում փիլիսոփայական հետազոտությունների խթանման, առաջատար փիլիսոփաների և փիլիսոփայության բնագավառում հետաքրքրություն ցուցաբերող պատանիների ու աղջիկների, երիտասարդների համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով Սևանի փիլիսոփայական կենտրոնին հատկացնել գիտական աշխատակցի հաստիք: ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտին տրամադրել տարեկան լրացուցիչ 3600 ռուբլի Սևանի փիլիսոփայական կենտրոնի գիտական աշխատակցի աշխատավարձը վճարելու համար»:
ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վ. Համբարձումյան
ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար Դ. Ս. Սեդրակյան
1993 թ. սեպտեմբերի 1-ին «ԳԱԱ պրեզիդենտ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Գեորգ Բրուտյսսնի նախաձեռնությամբ որոշում է ընդունվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության մասին». ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում է.
«Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրին»:
Այդ պայմանագրի համաձայն, Հայոց փիլիսոփայական ակադեմիային ցուցաբերվում էր բազմակողմանի օգնություն, և այն դիտարկվում է որպես «ԳԱԱ-ի փորձագետը փիլիսոփայության բնագավառում: ՀՀ ԳԱԱ նախագահության 1995 թ. հունիսի 31-ի նիստի որոշմամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ընդունելով ՀՀ ԳԱԱ-ի և Հայոց փիլիսոփայական ակադեմիանների 1994 թ. սեպտեմբերի 1-ի համաձայնագիրը համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ, թույլատրել է Հայոց փիլիսոփայական ակադեմիայի և Փաստարկման միջազգային ինստիտուտի հրատարակությունները իրականացնել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության մակնիշով:

Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հովանավորների շարքում կարևոր դեր է ունեցել Երևանի պետական համալսարանը: 1988 թ. դեկտեմբերի 29-ին ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ, ի դեմս ռեկտոր ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի, Երևանի պետական համալսարանը համարվել է Իմաստասիրական կաճառի հովանավորը: Շատ կարևոր է այն, որ դեռևս նույն թվականի սեպտեմբերի 8-ին համալսարանի խորհուրդը ընդունել է որոշում, ըստ որի, «Երևանի պետական համալսարանում, փիլիսոփայություն և սոցիոլոգիա մասնագիտությունների գծով կադրերի ընտրությունը նպատակասլաց դարձնելու և Սևանի Իմաստասիրական ճեմարանի սաների փիլիսոփայական կրթության հետագա կատարելագործման նպատակով՝
1. Երևանի պետական համալսարանի նախապատրաստական դասընթացներին ընդունվելիս համապատասխան փորձի դեպքում առավելությունը տալ Սևանի Իմաստասիրական ճեմարանի սաներին, հատկապես նրանց, ովքեր այդ նպատակով կստանան Իմաստասիրության կաճառի համապատասխան երաշխավորությունը:
2. Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դիմորդներից այլ հավասար պայմանների դեպքում առավելությունը տալ Սևանի Իմաստասիրական ճեմարանի այն սաներին, ովքեր երաշխավորված կլինեն Իմաստասիրության կաճառի կողմից»:
Խորհրդային միության փիլիսոփայական ընկերության նախագահության որոշմամբ, ԽՍՀՍ-ի փիլիսոփայական ընկերությունը համարվել է Իմաստասիրական կաճառի հովանավոր և դիմել ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայի նախագահությանը, ինչպես նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտորատին, դառնալ Իմաստասիրական կաճառի հովանավորներ: Մեկ այլ որոշմամբ նշվում է, որ հաշվի առնելով Իմաստասիրական կաճառի ստեղծման կարևորությունը անհրաժեշտ համարել 1989 և 1990 թթ. Ընկերության նախագահության օգտին Հայոց փիլիսոփայական ընկերության շահույթներից 50% փոխանցումից ազատել՝ այն Իմաստասիրական կաճառի նպատակին ծառայեցնելու համար:
2012 թվականից Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հովանավորներից առանձնանում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ): ՀՊՄՀ-ի աջակցությամբ և վերջինիս հետ համատեղ կազմակերպվել են մի շարք միջազգային գիտաժողովներ: 2012 թ. այդ շրջանում ՀՊՄՀ ռեկտոր պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ՀՓԱ նախագահ Գեորգ Բրուտյանի առաջարկությամբ ընտրվեց ՀՓԱ պատվավոր նախագահ, ՀՊՄՀ մի շարք պրոֆեսորներ պարգևատրվեցին ՀՓԱ բարձրագույն պարգևով` «Դավիթ Անհաղթ» մեծ և փոքր մեդալներով (տե'ս «Գիտաժողովներ» 2012 թ. բաժինը):
2001 թվականին Հայոց փիլիսոփայական ակադեմիայի արտասահմանյան անդամների նախաձեռնությամբ ստեղծվում է Փիլիսոփայության միջազգային ակադեմիան (ՓՄԱ) և գրանցվում Հայաստանում՝ որպես միջազգային գիտական հասարակական կազմակերպություն: Ակադեմիկոս Գ. Բրուտյանը նաև վերջինիս հիմնադիր նախագահն էր: Հայոց փիլիսոփայական ակադեմիան ներառվում է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի կազմում՝ որպես միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունք: Միևնույն ժամանակ, Հայոց փիլիսոփայական ակադեմիան, լինելով Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի բաժանմունք, պահպանում է իր ինքնուրույն կարգավիճակը (ինչպես de jure, այնպես էլ de facto): Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Հայոց փիլիսոփայական ակադեմիան ակտիվ գործունեություն է ծավալում Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ծրագրերի իրականացման գործում՝ մասնավորապես, միջազգային գիտաժոդովների կազմակերպման և հրատարակչական գործունեության բնագավառում: Մյուս կողմից, Հայոց փիլիսոփայական ակադեմիան օգտվում է այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում է Փիլիսոփայության միջազգային ակադեմիան: Վերջինիս առընթեր «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հրատարակչությունից Հայոց փիլիսոփայական ակադեմիան օգտվում է հիմնադրման առաջին իսկ օրերից: Հայոց փիլիսոփայական ակադեմիան ոչ միայն հենակետային դեր է խաղում Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համար, այլև վերջինիս կազմում օրինակելի փիլիսոփայական գործունեություն է իրականացնում:
Հայոց փիլիսոփայական ակադեմիան կարող է իր գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրել իր կողմից հիմնադրված մեդալներով, դիպլոմներով: Ակադեմիայի բարձրագույն պարգևը Դավիթ Անհաղթի հուշամեդալն է: Ակադեմիան կարող է շնորհել պատվավոր դոկտորի աստիճան:
Ակադեմիան սահմանել է Տիգրան Պետրոսյանի անվան մրցանակ՝ տրամաբանության բնագավառում տարվա լավագույն հետազոտության համար:
2007 թ. դեկտեմբերի 27-ին լրացավ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի 20-ամյակը: Հայոց փիլիսոփայական ակադեմիայի արտասահմանյան անդամները շնորհավորական ուղերձներով արձագանքել և իրենց մաղթանքներն են ուղղել Ակադեմիային ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Ավստրիայից և այլն:
2015 թ. դեկտեմբերի 9-ին վախճանվեց ՀՓԱ հիմնադիր նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը: 2016 թ. ՀՓԱ նախագահ ընտրվեց ՀՓԱ իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Զիջյանը: 2023 թ. ՀՓԱ նախագահ ընտրվեց ՀՓԱ իսկական անդամ, փ.գ.դ. Հասմիկ Հովհաննիսյանը:
2023 թ․ հունիսի 1–ից Հայոց փիլիսոփայական ակադեմիան անդամակցում է համաշխարհային փիլիսոփայական այնպիսի խոշոր կառույցի, ինչպիսին Փիլիսոփայական համայնքների միջազգային դաշնությունն (FISP) է: Մեծ է վերջինիս փոխնախագահ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Մարիա Բաղրամյանի ներդրումը այդ գործում, ինչի արդյունքում հայ, մասնավորապես Հայաստանցի փիլիսոփանները հնարավորւթյուն ունեցան ներկայանալ միջաղգային փիլիսոփայական այնպիսի բարձր հարթակում, ինչպիսին 25-րդ համաշխարհային փիլիսոփայական համաժողովն է (այս մասին հանգամանորեն կարելի է ծանոթանալ «Գիտաժողովների» բաժնում) և 2026 թ. հունիսին Երևանում (Հայաստան) FISP-ի նախագահությունը կմասնակցի երկու գիտաժողովների` 22-23-ին և 26-27-ին, ինչպես նաև կանցկացնի իր երկօրյա աշխատանքային նիստերը:
ՀՓԱ գիտական հասարակագիտական կազմակերպությունը և FISP-ի մասնագիտական կապերը ունեն արժեքավոր պատմություն: FISP-ի պատվավոր նախագահ պրոֆեսոր Evandro AGAZZI-ին, հանգուցյալ պրոֆեսոր Peter Kemp-ը, ով 2003-2008 թթ․ FISP-ի, ինչպես նաև՝ 2008 թ․ 22-րդ համաշխարհային փիլիսոփայական համաժողովի նախագահ էր, ՀՓԱ-ի արտասահմանյան անդամներն են։

Բոլոր հիմքերը կան հուսալու, որ Հայոց փիլիսոփայական ակադեմիան իր հայրենանվեր գործունեությունը և փիլիսոփայական մտքի զարգացման ոլորտում իր դերը կամրապնդի ու կընդարձակի՝ ի բարօրություն հայ ժողովրդի և այլ ժողովուրդների միջև բարեկամության, հանուն հայ և համաշխարհային փիլիսոփայական մտքի զարգացման: